ԵՐԵՎԱՆԻ ՀԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔԵՐԸ ՍԻՆ ԵՆ

25 ԱՊՐԻԼ, 2013

Երեւանի կենտրոնում ցանկացած շինարարություն պետք է կտրականապես արգելվի: Ապրիլի 25-ին լրագրողների առջեւ նման հայտարարությամբ հանդես եկան «Փրկենք Երեւանը» նախաձեռնության անդամները:

«Երեւանի հին լինելու մասին խոսքերն այժմ սին են: Մեր քաղաքին զրկում են իր պատմությունից: Քաղաքի կենտրոնում ցանկացած հնություն ցանկանում են ամեն գնով ոչնչացնել, իսկ դրա տեղում հերթական էլիտար բարձրահարկը կառուցել»,- նշել է նախաձեռնության անդամներից ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը: Նա հիշեցրել է, թե 2000-2006թթ քաղաքային իշխանությունների անփույթ, հաճախ էլ չարամիտ վերաբերմունքի պատճառով Երեւանից անհետացել են երեք տասնյակ ճարտարապետական հուշարձաններ: Վտանգի տակ է եւս մեկը` Աֆրիկյանների տունը Տերյան փողոցում:

«Այնտեղ համարակալել են բոլոր քարերը, նշանակում է` ուզում են տեղափոխել: Մինչդեռ 2004թ. Հայաստանը ստորագրել է ճարտարապետական ժառանգության եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա: Նախաձեռնության անդամները պահանջումեն դադարեցնել ցանկացած շինարարություն, այդ թվում` նաեւ կանաչապատ տարածքներում, անգամ գործող նախագծերը պետք է սառեցվեն: Այն կուսակցությունների դեմ, որոնք իրավիճակի լուծման ուղիներ չեն նշի իրենց ծրագրում, հանրային արշավ է սկսվելու: Նման միջոց ակտիվիստները պատրաստում են նաեւ նրանց համար, ովքեր, անցնելով Ավագանի, կմոռանան իրենց խոստումների մասին:

Աֆրիկյանների տունը կառուցվել է 1890-ականներին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից: 1920-ականներից այնտեղ տեղակայված էր ՀԽՍՀ արտակարգ իրավիճակերի կոմիտեն: Շենքը ցանկանում են քանդել Տերյան փողոցը արագընթաց մայրուղի դարձնելու եւ Մաշտոցի պողոտան բեռնաթափելու համար:

Աղբյուրըwww.news.am

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար