ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Առակագիր, գիտնական

մոտ 1120 - 1213

Ծնվել է Գանձակ գյուղում: Սովորել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հ.Տավուշեցուն և ժամանակի առաջադեմ այլ գիտնականների: Ստացել է վարդապետի կոչում: Այնուհետև մեկնել է Կիլիկյան Հայաստան, աշակերտել Սև լեռան վանքերի համբավավոր վարդապետներին, վերստին արժանացել վարդապետի կոչման: Վերադառնալով Հայաստան՝ հիմնել է մի շարք դպրոցներ և հաստատվել է Գետիկ վանքում: 1191թ., Զաքարյան իշխանների օժանդակությամբ, Գետիկից ոչ հեռու կառուցել է Նոր Գետիկ վանքը և մինչև կյանքի վերջը գործել այնտեղ: Նրա իմաստնության համբավն այնքան է տարածվել, որ շատերը, նույնիսկ վարդապետներ, հեռավոր վայրերից եկել են նրան աշակերտելու: Մեծ հեղինակություն է վայելել քաղաքական և պետական գործիչների շրջանում, մասնակցել է 1205թ. Լոռեի և 1207թ. Անիի եկեղեցական ժողովներին, եղել է Զաքարե Բ Մեծի խոստովանահայրն ու խորհրդատուն: Ժամանակակիցներն ու հետագա սերունդները նրան մեծարել են Այր իմաստուն և հեզ, Մեծ վարդապետ, Աշխարհալույս և այլ պատվանուններով: Ստեղծել է բազմաթիվ աշխատություններ՝ «Գիրք Դատաստանի», «Երեմիայի մարգարեության համառոտ մեկնությունը», «Խրատական նամակներ», «Աղվանքի հայրապետների ցանկը» և այլն:  Գոշի Դատաստանագիրքը («Գիրք Դատաստանի», 1184թ.) հայ իրավաբանական մտքի մեծագույն նվաճումներից է, որը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված): Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ հրատարակվել է 1880թ: Բացառիկ արժեքավոր է նաև առակների ժողովածուն, որը բաղկացած է 190 առակից, որոնք զետեղված են 3 գլխավոր բաժիններում՝ «Առակք բարոյականք», «Առակք առասպելականք» և «Առակք ստեղծականք»: Առաջին անգամ հրատարակվել են 1790թ., Վենետիկում: Թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն: Մահացել է Նոր Գետիկ գյուղում (Գոշավանք): 1993թ. սահմանվել է ՀՀ Մխիթար Գոշի մեդալ: Գոշի արձանը կանգնեցվել է Մատենադարանի առջև: Երևանում նրա անունով կոչվել է համալսարան, Տավուշի մարզում` վանք և գյուղ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար